Այնպես չէ, որ այս աշխարհում ամեն բան ունի սկիզբ ու չունի վերջ: Այս պարզագույն ճշմարտությունը հերթական անգամ իր հաստատումը գտավ եվրոպական գերտերությունների առաջնություններում: Կոնկրետացումնե՞ր եք ուզում։ Խնդրեմ: Մինչ այս շաբաթ-կիրակի յոթուկես տարի «Սևիլիան» չէր հաղթել «Բարսելոնին», իսկ ՈՒնայ Էմերին երևի սրտխառնոց էր զգում «Բարսելոն» անվան հիշատակումից, տարիներ շարունակ «Չելսիի» ոսկե ֆոնդում էր «Սաուտհեմպտոնը»՝ որպես միավորների հուսալի մատակարար, սրանից մեկ էլ իննսուներկու տարի առաջ էր «Վիլյառեալին» հաջողվել գլխավորել երկրի առաջնությունը ու նման լիքը բաներ, սակայն, ինչպես սիրում էր ասել կյանքի հոգսերի տակ կքած մեր հարևան Վարդուշը, «մի օր բեռնավորված ուղտը մեր դռանն էլ կչոքի»: ՈՒ պատկերացրեք, որ իր լավատեսությամբ նա, ի դեմս մեր մյուս հարևան Սիրուշի, հաղթեց աշխարհի բոլոր հոռետեսներին: Ճիշտ է, ուղտաբեռի տեղակ եղածն ընդամենը մի իշաբեռ էր, բայց դե:
ԻՍՊԱՆԻԱ
Հիմա հետին հաշվարկով եթե ասենք, թե, «Բարսելոնին» հաղթելով, «Սևիլիան» վրեժխնդիր եղավ սուպերգավաթում կրած պարտության դիմաց (այդ հրաշալի հանդիպումը, հիշեցնենք, ավարտվեց 4:5 հաշվով), բա մնացած յոթուկես տարի՞ն ինչ անենք:
Կասեք՝ թբիլիսյան հանդիպումը շարքայիններից չէ՞ր:
Բա եթե մնացածները շարքայիններից էին, սևիլիացիներն ինչո՞ւ էին դրանցում իրենց ճղում: Իսկ խաղն առհասարակ լավագույններից էր, ու եթե չեք տեսել, աշխատեք տեսնել. փառք Աստծո, հիմիկվա տեխնիկայի պայմաններում անհնար ոչինչ չկա: Կատարյալ հաճույք կստանաք, և բնավ նշանակություն չունի, որ խաղի հաշիվն արդեն գիտեք: Հավատացնում եմ՝ ձեզ կթվա, թե այդ 2:1 հաշիվը պարզապես թյուրիմացություն է, ու որ, ահա, գնդակը, հերթական անգամ կհայտնվի դարպասում: Նայեք խաղը, անպայման նայեք թեկուզ նրա համար, որ կրկին համոզվեք` եթե «Բարսելոնը» թանկարժեք մատանի է, Մեսին նրան բացառիկ քաշ ու կշիռ տվող ադամանդն է, ու նրա բացակայությունը դաշտում պարզապես աչք է ծակում:
Իսպանիայի առաջնության յոթերորդ տուրը մարզասերի համար մի կատաղած հանդիպում էլ ամբարած ուներ: Խոսքը վերաբերում է, իմացաք, մադրիդյան «Աթլետիկո»-«Ռեալ» դիմակայությանը, որը վերջին տարիներին առանձնակի սրություն է պարունակում: Հանդիպումն այդ ունեցել է խաղաղ ելք, կողմերը փոխանակել են մեկական գոլ, սակայն հաշիվը գրեթե ոչինչ չի ասում եղած լարվածության մասին: Այսպես ասենք, խաղավարտին տանտերերն այն աստիճանի էին լարել տեմպը՝ դրանք ամրագրելով գոլային ռեալ պահերով, որ «Ռեալը» հրաշքով պրծավ պարտությունից:
Իհարկե, տուրը կարող էր էլ ավելի զգալի դարձնել աղյուսակը գլխավորող «Վիլյառեալի» ունեցած միավորների պաշարը, սակայն այն մնաց ունեցած տասնվեցով, քանի որ «Լևանտեն» անհաղթահարելի արգելքի պես կանգնեց նրա ճանապարհին՝ 1:0:
Ավարտելով իսպանական թեման՝ ասենք որ երկրորդ-հինգերորդ տեղերում գտնվող «Ռեալը», «Սելտան» (0:0 է խաղացել «Խետաֆեի» հետ), «Բարսելոնն» ունեն տասնհինգական միավոր:
ԱՆԳԼԻԱ
Անդրադառնալով «Չելսի»-«Սաուտհեմպտոն» խաղին ու դրանում արձանագրված հաշվին՝ 1:3, կարող ենք փաստել, որ լոնդոնցիների անկումը շարունակվում է ու թե այսպես գնա, կարող է կրկնվել 1978 թվի պատմությունը, երբ «արիստոկրատները» հարկադրված եղան հրաժեշտ տալ պրեմիեր լիգային: Իհարկե, սա հնարավոր զարգացումների ամենավատատեսական տարբերակն է, բայց որ Դանեմարքում ամեն ինչ չէ, որ կարգին է, մախաթ է, որ պարկում չես թաքցնի: Սակայն այս ողջ պատմության մեջ ամենազիլը Ժոզե Մոուրինյոն է, ով, հակառակ իրավիճակի բարդությանը, շարունակում է պահպանել իր անհուն լավատեսությունն ու նույնքան անհուն օրիգինալությունը. «Եթե «Չելսին» ինձ ազատի աշխատանքից, թիմի ղեկից կհեռանա ակումբի պատմության լավագույն մարզիչը»:
Թե սրանով ում ինչ է լսել տալիս պորտուգալացին, բոլորս էլ հասկանում ենք, ինչպես որ հասկանում ու գիտենք, թե ինչ փլավ է նա եփել ակումբում, որ բոլորին հանել է իր դեմ: Իհարկե ոչ այնքան հեռավոր արձագանքը նրա ղեկավարած Մադրիդի «Ռեալն» էր, բայց դե շատ չխորանանք, մանավանդ որ Մոուրինյո մարզչի ու քաղաքացու գործունեությանն անդրադառնալու մի մտահղացում ունենք թերթի մոտակա համարներից մեկում:
Տուրում վստահ մրցելույթ ունեցավ «Մանչեստր Սիթին»՝ 6:1 հաշվով հաղթելով «Նյուքասլին» ու պահպանելով աղյուսակի առաջին հորիզոնականը: Այստեղ հաստատ արժե հիշել հինգ գոլ հեղինակած Ագուերոյին, ով անթել հեռախոսով Իսպանիա ու Գերմանիա հաղորդագրություն ուղարկեց, որ իրենց կողմերում էլ են նման բաներ լինում, ու միայն Ռոնալդուն ու Լևանդովսկին չեն, որ կարող են դառնալ պենտագոլի հեղինակ:
«Արսենալ»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությունում ամեն ինչ որոշվեց խաղի առաջին քսան րոպեներին: Օզիլն ու Սանչեսը (վերջինս դուբլի հեղինակ է դարձել) երեք գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասն ու հանդիպման մնացած մասը վերածեցին ձևականության, թեպետ խռխռալուց առաջ Լուի վան Գալի սաները թպրտալու հուսահատ փորձեր արեցին: Ակումբի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ մանչեստրցիներն առաջնությունում այդքան կարճ ժամանակահատվածում այդքան գոլ են բաց թողնում: Հաղթանակի արդյունքում զինագործները մանկունիացիներին հետ մղեցին երրորդ հորիզոնական՝ բարձրանալով նրանց տեղը: Երկուսն էլ ունեն տասնվեցական միավոր ու երկու նիշով են հետ մնում «Մանչեստր Սիթիից»:
ԳԵՐՄԱՆԻԱ
«Բավարիա»-«Դորտմունդ» մրցակցությունն առանձնակի լարվածությամբ էր սպասվում: Ցավոք, այն ունեցավ չափազանց պրոզաիկ ավարտ, եթե դորտմունդցիների 1։5 հաշվով պարտությունը, իհարկե, խայտառակի փոխարեն կարելի է պրոզաիկ համարել: Համենայն դեպս, մյունխենցիները ևս մեկ անգամ հավաստեցին, որ այս փուլում անգերազանցելի են, և ութ խաղից հետո նույնքան հաղթանակն ասվածի առարկայական հավաստումն է: Դորտմունդցիների այս պարտությունը, սակայն, նրանց տասնյոթ միավորով թողեց երկրորդ հորիզոնականում, քանի որ «Բորուսիային» շրջանցելու հնարավորությունից չկարողացավ օգտվել «Շալկեն», որը «հաջողացրեց» սեփական հարկի տակ 0։3 հաշվով պարտվել «Քյոլնին»: Սակայն դորտմունդցիների պես «Շալկեի» բախտն էլ բերեց: Ինչպես կային, այդպես էլ մնացին երրորդ հորիզոնականում: Ինչպես տեսնում ենք, բունդեսլիգայում առաջատարների կազմի մեջ փոփոխություններ չեղան:
ԻՏԱԼԻԱ
«Կարպիի» հետ խաղում «Թուրինի» պարտությունից հետո 1:2, աղյուսակի երրորդ հորիզոնական բարձրանալու հավանականություն ունեցող թիմերը մի քանիսն էին: Մասնավորապես, դա հաջողությամբ արեց «Լացիոն», որը հյուրընկալելիս 2:0 հաշվով առավելության հասավ «Ֆրոզինոնեի» նկատմամբ: Տասնհինգ միավոր է գրանցված նաև «Ռոմայի» անվան դիմաց (արտագնայում 4:2 հաշվով պարտության է մատնել «Պալերմոյին»), սակայն լրացուցիչ գործակիցները հօգուտ «գայլերի» են:
«Սամպդորիայի» հետ ոչ-ոքի (1:1), խաղալով՝ «Ինտերը» հավաքեց տասնվեց միավոր ու աչքը «Ֆիորենտինա»-«Ատալանտա» խաղին էր, որովհետև «մանուշակագույնները» հաղթելու դեպքում միավորներով կշրջանցեին նրանց: «Ֆիորենտինան» խնդիրն այդ պատվով լուծեց ու տասնութ միավորով կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Իտալիայի առաջնության մասին խոսելիս բոլոր դեպքերում աչքաթող չանենք և գործող չեմպիոնին, որքան էլ որ այն ծանր է մեկնարկել ու անգամ առաջին տասնյակում չէ. «Յուվենտուսը» 3:1 հաշվով հաղթել է «Բոլոնիային»:
ՖՐԱՆՍԻԱ
«Մարսելի» հետ մրցակցությունում «Պարի Սեն Ժերմենն» արեց վերջին ժամանակների իր անփոփոխ գործն ու ավելի քան վստահորեն գլխավորում է աղյուսակը՝ ինը խաղից հետո 23 միավոր, ինչը նշանակում է ամբողջ հինգ միավորի պոկվածություն երկրորդ-երրորդ տեղերում գտնվող «Անժից» ու «Կաննից», որոնք իրենց հերթին հաղթական հանդիպումներ ունեցան համապատասխանաբար «Բաստիայի» ու «Սենտ Էտիենի» հետ: Երկուսն էլ հաղթել են նվազագույն հաշվով: Ինչ վերաբերում է ՊՍԺ-ին, «Մարսելի» հետ խաղն ավարտել է 2:1:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ